Հայտնի է դարձել, թե որքան գումար է HBO-ն ծախսել «Գահերի խաղը» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի համար
Ամերիկյան հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի ստեղծողները որոշել են շքեղ վերջաբան ներկայացնել երկրպագուներին և դրա համար չեն խնայել ո՛չ ջանքերը, ո՛չ էլ միջոցները:
Ինչպես հաղորդում է Entertainment Weekly-ն, հեռուստասերիալի ստեղծողներն արել են ամեն բան՝ մանրամասները գաղտնի պահելու և տվյալների արտահոսքից խուսափելու համար, ուստի եզրափակիչ՝ 8-րդ եթերաշրջանի սյուժեի մանրամասները, ինչպես նաև պրեմիերայի օրն առայժմ հայտնի չեն:
EW-ի թղթակից Ջեյմս Հիբերդը, որը զրուցել է հեռուստասերիալի ստեղծողներ Դևիդ Բենիոֆի և Դեն Ուայսի հետ, հայտնում է, որ տվյալների արտահոսքից խուսափելու համար դերասաններին արգելվել է լուսանկարվել նկարահանման հրապարակում, իսկ դրոններից պաշտպանվելու համար կիրառվում էին հատուկ հրազեններ: Բացի դրանից, դերասաններին տրվել են կեղծ անուններ, որոնցով նրանց հրավիրում էին նկարահանման հրապարակ:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով դերասանների ու լրատվամիջոցների մեկնաբանությունները՝ ենթադրվում է, որ վերջաբանն իսկապես շքեղ է լինելու:
Հայտնի է, որ նոր եթերաշրջանը բաղկացած է լինելու 6 էպիզոդից, որոնցից յուրաքանչյուրի համար HBO հեռուստաալիքը ծախսել է ավելի քան 15 միլիոն դոլար: Ընդ որում, նախորդ եթերաշրջանների յուրաքանչյուր էպիզոդի համար վատնած գումարը երբեք այդքան մեծ չի եղել և սովորաբար կազմել է 10 միլիոն դոլար:
Հաղորդվում է, որ վերջին եթերաշրջանի համար սերիալի ստեղծողները որոշել են էպիկական մարտ նկարահանել, ուստի եզրափակիչ կռվի տեսարանների նկարահանումներն անցկացվել են բաց տարածությունում և տևել 55 օր:










