«Վստահ էի, որ դերն իմն է լինելու». Մեթյու ՄքՔոնախին պատմել է «Տիտանիկ»-ի գլխավոր դերը չստանալու հիասթափության մասին

08:44 • 06.11.18

Հոլիվուդյան դերասան Մեթյու ՄքՔոնախին պատմել է, որ հանրահայտ «Տիտանիկ» ֆիլմում Լեոնարդո դի Կապրիոյի փոխարեն կարող էր ինքը նկարահանվել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 49-ամյա ՄքՔոնախին խոստովանել է, որ գլխավոր հերոս Ջեք Դոուսոնի դերը ստանալու չափազանց մեծ ցանկություն է ունեցել:

Աստղի խոսքով՝ ինքը մասնակցել է դերընտրմանն ու նույնիսկ փորձնական նկարահանվել Քեյթ Ուինսլեթի հետ, սակայն իր փոխարեն Դի Կապրիոյին են ընտրել:

«Այնքան հիասթափված էի, երբ փորձնական նկարահանումից հետո պրոդյուսերներն ինձ չզանգահարեցին: Երբ դուրս էի գալիս, վստահ էի, որ դերն իմն է լինելու»,-նշել է ՄքՔոնախին:

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը «Տիտանիկ»-ը նկարահանել է 1997թ.: Այն արժանացել է 11 «Օսկար» մրցանակի: «Տիտանիկ»-ը ռեկորդ է սահմանել՝ դառնալով կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենաեկամտաբեր ֆիլմն ու համաշխարհային վարձույթում հավաքելով ավելի քան 1,8 միլիարդ դոլար: Ավելի ուշ ռեկորդը գերազանցել է Քեմերոնի «Ավատար» ֆիլմը:

«Վստահ էի, որ դերն իմն է լինելու». Մեթյու ՄքՔոնախին պատմել է «Տիտանիկ»-ի գլխավոր դերը չստանալու հիասթափության մասին