Կալիֆոռնիայում մոլեգնած անտառային հրդեհների հետևանքով այրվել է երգչուհի Մայլի Սայրուսի տունը
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնած անտառային հրդեհների հետևանքով այրվել է 25-ամյա երգչուհի Մայլի Սայրուսի տունը, գրում է dailymail.co.uk-ը:
«Իմ բախտը բերել է, քանի որ կենդանիներս ու իմ կյանքի սերը հասցրել են ապահով լքել տունը, այս պահին դա է ամենակարևորը», - Twitter-ում գրել է երգչուհին՝ հավելելով. «Իմ տունն այլևս չկա, սակայն այնտեղ ընկերներիս ու ընտանիքիս հետ անցկացրած ժամանակի մասին հուշերը կմնան առհավետ»:
Տունը, որը երգչուհին կիսում էր սիրելիի՝ Լիամ Հեմսֆորթի հետ, ուներ չորս ննջասենյակ և երեք լոգասենյակ: Բարեբախտաբար՝ Մայլի Սայրուսը դեռ ունի 160 մլն դոլար կարողություն՝ իր երազանքների տունը նորից կառուցելու համար, գրում է լրատվամիջոցը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Կալիֆոռնիայում մոլեգնած անտառային հրդեհների պատճառով այրվել է 7.000-ից ավելի տուն: Կա առնվազն 31 զոհ և անհետ կորածներ:
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնած անտառային հրդեհների հետևանքով այրվել է հայտնի դերասան Ջերարդ Բաթլերի տունը:










