Ալեքսեյ Ուչիտելը Վիկտոր Ցոյի մասին դիցաբանական ֆիլմ կնկարահանի
Հռչակավոր ռոք երաժիշտ Վիկտոր Ցոյի մասին պատմող հերթական ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը զրուցել է «Российская газета»-ի հետ և պատմել նախագծի մանրամասները, գրում է Gazeta.ru-ն:
Ուչիտելի խոսքով՝ այժմ դեռ միայն քասթինգի և կերպարների ընտրության փուլն է, իսկ նկարահանումներն անցկացվելու են Լիտվայում ու Լատվիայում: Ռեժիսորը նաև հայտնել է, որ ֆիլմում չի լինի դերասան, որը կմարմնավորի Ցոյին: Միևնույն ժամանակ սյուժեի հիմքում կլինի պատմությունը, որին ինքն անձամբ է ականատես եղել «Ռոք» և «Վերջին հերոսը» ֆիլմերի նկարահանումների ընթացքում:
«Ես ավելի շատ ցանկանում եմ ստեղծել ոչ թե կենսագրական ֆիլմ, այլ դիցաբանական: Քանի որ Ցոյը դարձել է ոչ թե պարզապես հայտնի մարդ, այլև յուրահատուկ գաղափարախոս, ինչն ինձ համար իսկապես զարմանալի է, որովհետև նա մեզ հետ չէ արդեն 30 տարի», - ընդգծել է ռեժիսորը:










