Թուրքիայում պատմական Խարբերդի հայկական եկեղեցին նորոգելու համար անհրաժեշտ է շուրջ 2 մլն դոլար, ինչը պետությունը չի փոխհատուցում

22:47 • 19.11.18

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Խարբերդ (թուրքերեն- Էլյազըղ) քաղաքում հին հայկական եկեղեցին ամբողջովին անուշադրության է մատնվել. ավերակ դարձած եկեղեցին վերանորոգելու համար պետությունն ու տարածքի ներկայիս սեփականատերն այդպես էլ համաձայնության չեն գալիս:

Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը, շուրջ 200 տարվա պատմություն ունեցող և ասորական եկեղեցու անվան տակ Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում գրանցված Սուրբ Մարիամ Աստվածածնի նորոգման համար անհրաժեշտ է ավելի քան 2 մլն դոլար: Տարածքի սեփականատերը նշում է, որ այդքան միջոցներ չունի և դեմ չի լինի, եթե նորոգման նպատակով տեղական ինքնակառավարման իշխանությունները պետականացնեն կառույցը:

Մինչդեռ մշակույթի և զբոսաշրջության նախարարության տեղական վարչությունից հայտնել են, որ իրենք չեն կարող միջամտել հարցին, քանի դեռ սեփականատերն ինքը չի նախաձեռնել նորոգումը. այդ դեպքում իրենք պատրաստ են հովանավորել ծախսի 60 տոկոսը:

Նշենք, որ մինչ Ցեղասպանությունը Խարբերդն ունեցել է մոտ 50 հայկական գյուղ, որոնք բավականին բազմամարդ էին և ունեին միջինը 1000 բնակիչ:

Խարբերդի գլխավոր տեսարժան վայր համարվում է հին բերդը: Այն ժամանակին կառուցվել է հայերի կողմից և հենց այստեղից էլ ծագել է գավառի անունը՝ Խար-բերդ:

Գավառի կենտրոնը՝ Էլյազըղ քաղաքը, որի անունով այսօր կոչվում է նաև ամբողջ գավառը, կառուցվել է ավելի ուշ:

Ներկայում քաղաքը բաժանվում է երկու մասի՝ հին ու նոր:

Հին քաղաքը, որի մեջ մտնում է նաև պատմական բերդը, կոչվում է Հարփութ: Դա շրջանի քրդական անունն է, որը, ինչպես երևում է, Խարբերդ անվան աղավաղված տարբերակն է: