ԱՄՆ-ում հայտնի են դարձել International Emmy Awards մրցանակաբաշխության հաղթողները
Այսօր Նյու Յորքում հայտնի են դարձել International Emmy Awards մրցանակաբաշխության հաղթողները: Արդյունքները հրապարակվել են մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:
Լավագույն դերասան է ճանաչվել դանիական «Աստծո ճանապարհը» (Herrens Veje) հեռուստասերիալի գլխավոր դերակատար Լարս Միկկելսենը, լավագույն դերասանուհի՝ Աննա Շուդթը՝ գերմանական «Մրսածությունը լրիվ բավական կլիներ» (Ein Schnupfen hätte auch gereicht) հեռուստասերիալում դերի համար:
Մրցանակի են արժանացել Nevsu իսրայելական կատակերգությունը, BBC հեռուստաալիքի արաբական տարբերակի արտադրած «Մնաս բարով, Հալեպ» (Goodbye, Aleppo) փաստագրական ֆիլմը և իսպանական «Թղթե տուն» (La Casa de Papel) սերիալը՝ որպես լավագույնն իրենց ժանրում:
Մրցանակաբաշխության ժամանակ շնորհվել է 11 արձանիկ՝ 10 երկրների ներկայացուցիչներին և արտադրանքներին:
International Emmy Awards-ը ֆիլմարտադրության ոլորտում ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկն է, որը շնորհվում է ԱՄՆ-ից դուրս ստեղծված լավագույն հեռուստատեսային նախագծերի համար:











