Արետա Ֆրանկլինին պատկանած առանձնատունը վաճառվել է 300 հազար դոլարով
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում գտնվող առանձնատունը, որը պատկանում էր հանրահայտ երգչուհի Արետա Ֆրանկլինին, վաճառվել է 300 հազար դոլարով, գրում է The Detroit News-ը:
Ինչպես նշում է լրատվամիջոցը՝ 1927թ.-ին կառուցված եռահարկ առանձնատունը, որի ընդհանուր մակերեսը 520 քառակուսի մետր է, վաճառքի է հանվել հոկտեմբերին, այն գնել է Միչիգանի մի բնակիչ, որի անունը չի հրապարակվում:
Թերթը նաև նշում է, որ Դետրոյթում երգչուհուն պատկանող ամբողջ անշարժ գույքն արդեն վաճառված է:
Վաճառված առանձնատունը գտնվում է քաղաքի կենտրոնում, ունի հինգ ննջասենյակ, վեց լոգարան, երեք մեքենա տեղավորող ավտոտնակ և մեծ բակ: Ֆրանկլինը տունը ձեռք էր բերել դեռևս 1993թ.-ին:
Հիշեցնենք, որ 76-ամյա ամերիկացի սոուլ երգչուհի Արետա Ֆրանկլինը մահացել էր այս տարվա օգոստոսին՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:











