Վլադիմիր Էտուշի մասնակցությամբ ներկայացումը չեղարկվել է արտիստի առողջական վիճակի վատացման պատճառով
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշի մասնակցությամբ «Բենեֆիս» ներկայացումը կիրակի երեկոյան Մոսկվայի Ե.Վախթանգովի անվան թատրոնում փոխարինվել է այլ ներկայացմամբ արտիստի առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկին հղումով:
«Մարդը հիվանդացել է, նա 96 տարեկան է, լուրջ տարիք է <...> Ներկայացումը փոխարինվել է, դրա մասին հայտարարվել է ժամը 17:00-ին», - հայտնել է Կրոկը՝ ընդգծելով, որ թատրոնի ռեպերտուարից Էտուշի մասնակցությամբ ներկայացումը հանելու մասին խոսք չկա:
«Իհարկե կարելի էր այս ներկայացումը չեղարկել, հանել ռեպերտուարից՝ դժբախտացնելով ոչ միայն հանդիսատեսին, այլև Էտուշին, քանի որ նրա համար բեմ բարձրանալը կյանքի երկարացում է», - ասել է Կրոկը:
Նա նաև նշել է, որ այցելել է արտիստին: Վերջինիս կնոջ՝ Ելենայի խոսքով՝ իրենք արդեն պատրաստվում էին գնալ թատրոն, սակայն դերասանի ինքնազգացողությունը վատացել է, ուստի որոշվել է չեղարկել ներկայացումը:










