Սանկտ Պետերբուրգում բացվել է «Շան սիրտը» ֆիլմի հերոսների արձանը
Սանկտ Պետերբուրգում բացվել է Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» վիպակի հիման վրա նկարահանված նույնանուն ֆիլմի հերոսների հուշարձանը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ներկայացուցիչը:
Կարմիր ժապավենը կտրել է ֆիլմի ռեժիսոր Վլադիմիր Բորտկոն:
Հուշարձանը նվիրված է ֆիլմի 30-ամյակին: Արձանը տեղադրվել է Մոխովայա փողոցի թիվ 27 տան մոտ, որտեղ անցկացվել են ֆիլմի նկարահանումները: Այն իրենից ներկայացնում է նստարան, որի վրա նստած են պրոֆեսոր Պրեոբրաժենսկին ու Շարիկ շունը: Քանդակի հեղինակն Իգոր Սենինն է:
Պրոֆեսոր Ֆիլիպ Պրեոբրաժենսկուն մարմնավորել է հանրահայտ դերասան Եվգենիյ Եվստիգնեևը:
«Շան սիրտը» խորհրդային ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովի վիպակն է։ Այն պատմում է պրոֆեսոր Պրեոբրաժենսկու գիտափորձի մասին, որի շրջանակում Շարիկ անունով անտուն շունը մարդկային կերպարանք է ստանում։










