ԱՄՆ-ում մահացել է «Սպունգ Բոբի» ստեղծողը
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում 57 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ» (SpongeBob SquarePants) մուլտսերիալի հեղինակ Սթիվեն Հիլենբերգը: Այս մասին գրում է TACC-ը՝ Variety պորտալին հղումով:
Պորտալի տվյալներով՝ Հիլենբերգը մահացել է երկուշաբթի՝ նոյեմբերի 26-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հաջորդ օրը: Պրոդյուսերի մահվան պատճառ է դարձել նախորդ տարվա մարտին ախտորոշված կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը, որն ախտահարում է հիվանդի գլխուղեղի բջիջները:
«Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ»-ն ամերիկյան մուլտսերիալ է, որը թողարկվել է 1999 թվականին և բաղկացած է 12 եթերաշրջանից: Մուլտսերիալը շատ սիրված է և տարիների ընթացքում արժանացել է բազում պատվավոր մրցանակների:










