Թուրքիայի 6 նահանգում 44 քուրդ երիտասարդ է ձերբակալվել
Թուրքիայի միաժամանակ 6 նահանգում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալվել է ազգությամբ քուրդ 44 քաղաքացի, որոնք մեղադրվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապերի ու ահաբեկչամետ քարոզչության համար:
Ինչպես գրում է թուրքական wanhaber.com կայքը, ոստիկանական գործողություններն իրականացվել են Ստամբուլում, Բուրսայում, Իզմիրում, Ադանայում, Վանում և Աղրըում:
Հայտնի է, որ ձերբակալվածները երիտասարդներ են, նրանցից ոմանց մոտ գտնվել է զենք և ՔԱԿ գործունեության հետ կապված էլեկտրոնային նյութեր:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան (Արևմտյան Հայաստան - tert.am), Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:










