«Շեղբի վրայով վազողը 2049» ֆիլմի մոտիվներով անիմե սերիալ կթողարկվի

05:59 • 04.12.18

Crunchyroll և Adult Swim ընկերությունները որոշել են «Շեղբի վրայով վազողը 2049» ֆիլմի մոտիվներով անիմե սերիալ թողարկել, որը կկոչվի «Շեղբի վրայով վազողը. Սև լոտոս», գրում է The Verge-ը:

Հայտնի է, որ առայժմ նախատեսվում է թողարկել անիմացիոն սերիալի առաջին եթերաշրջանը, որը բաղկացած կլինի 13 էպիզոդից: Յուրաքանչյուր էպիզոդի տևողությունը կլինի մոտ 30 րոպե:

Անիմե սերիալի առաջին եթերաշրջանի վրա կաշխատեն ռեժիսորներ Սինձի Արամակին և Կենձի Կամիյաման, որոնք ներկա պահին աշխատում են հանրահայտ «Զրահով ուրվականը» անիմե սերիալի վրա:

Սյուժեի մանրամասներն առայժմ գաղտնի են պահվում, սակայն արդեն հայտնի է, որ սերիալի իրադարձությունները կզարգանան 2032 թվականում, իսկ անիմեն կլինի Դենի Վիլնյովի՝ 2017 թվականին թողարկված «Շեղբի վրայով վազողը 2049» ֆիլմի նախապատմությունը: