Էյֆելյան աշտարակն ու Լուվրը կփակվեն «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաների ֆոնին

12:51 • 07.12.18

Փարիզի կենտրոնում գտնվող զբոսաշրջային ակտիվ վայրերն ու թանգարանները դեկտեմբերի 8-ին կփակվեն, ինչը պայմանավորված է «դեղին անթև բաճկոնների» ծրագրած բողոքի ակցիայով:

Ինչպես նշում է The Guardian-ը, իշխանությունները պատրաստվում են 89 000 իրավապահ ու անվտանգության ծառայության աշխատակից տեղակայել վաղվա ակցիայի շրջանակում հասարակական կարգի պահպանման համար:

«Շաբաթ օրը տեղի ունենալիք ցույցերը թույլ չեն տա անվտանգ մթնոլորտում դիմավորել մեր հյուրերին: Այդ պատճառով աշտարակը փակ կլինի»,- հայտնել է Էյֆելյան աշտարակի օպերատորը:

Բացի այդ, ոստիկանությունը կարգադրել է մի քանի տասնյակ թանգարանի, այդ թվում՝ Լուվրին և Մեծ պալատին, ինչպես նաև Ելիսեյան դաշտերի մոտ գտնվող խանութներին չաշխատել այդ օրը:

«Սպառնալիք կա, մենք չենք կարող ռիսկի դիմել»,-ասել է մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը:

Հետաձգվել է նաև մի քանի ֆուտբոլային հանդիպում:

Իշխանությունները չեն բացառել, որ կայանալիք ակցիայի որոշ մասնակիցներ կարող են գալ «սպանելու ու վանդալիզմով զբաղվելու տրամադրությամբ»:

Հայտնի է, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել է զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից:

Էյֆելյան աշտարակն ու Լուվրը կփակվեն «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաների ֆոնին