«Այն «Օսկար»-ի արժանանալու շանսեր ունի». Սերժ Թանկյանը խոսել է «Սպիտակ» ֆիլմի մասին (տեսանյութ)

12:08 • 07.12.18

Հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն»-ին՝ խոսելով 1988թ. ողբերգական երկրաշարժի մասին պատմող և Հայաստանի կողմից «Օսկար» մրցանակաբաշխությանը որպես լավագույն օտարալեզու ֆիլմ ներկայացված «Սպիտակ» կինոնկարի համար կատարած աշխատանքի մասին:

Թանկյանը, որը ֆիլմի երաժշտության հեղինակն է, նշել է, որ հավանական է, որ «Սպիտակ»-ն «Օսկար»-ի կարժանանա:

Երաժշտի խոսքով՝ «այն շատ զգայական ու յուրահատուկ ֆիլմ է, որը կհուզի ոչ միայն հայերին, այլև օտարազգի հանդիսատեսին, այդ թվում՝ կինոակադեմիայի անդամներին»:

«Ես միանշանակ կարծում եմ, որ հաղթելու շանսեր կան»,-ասել է Թանկյանը:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ֆիլմի համար երաժշտություն գրելն ամենևին էլ հեշտ գործ չէր:

«Էմոցիոնալ առումով դա շատ բարդ էր: Ֆիլմի ռեժիսորը ցանկանում էր, որ այն ռեքվիեմ հիշեցներ, բայց միևնույն ժամանակ լիներ թեթև: Այդ տեսանկյունից հավասարակշռության պահպանումը բարդ էր»,-նշել է Թանկյանը՝ հույս հայտնելով, որ իրենց հաջողվել է ցանկալի արդյունքի հասնել:

 

 

«Այն «Օսկար»-ի արժանանալու շանսեր ունի». Սերժ Թանկյանը խոսել է «Սպիտակ» ֆիլմի մասին (տեսանյութ)