Լև Լեշչենկոն հոսպիտալացումից հետո պատմել է ինքնազգացողության մասին
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Լև Լեշչենկոն հոսպիտալացումից հետո ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ արդեն լավ է զգում իրեն և մտադիր է երկուշաբթի ելույթ ունենալ Կրեմլում հայտնի կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկիի հիշատակի համերգին:
Ավելի վաղ Tert.am-ը հաղորդել էր, որ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Լև Լեշչենկոն շտապ հոսպիտալացվել է Մոսկվայում կազմակերպված համերգի ժամանակ: Արտիստի ինքնազգացողությունը վատացել էր «Ի բարօրություն աշխարհի» համառուսական մրցույթի կուլիսներում գտնվելու ժամանակ: 76-ամյա Լեշչենկոն պետք է ելույթ ունենար: Սակայն ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով անձնակազմը ստիպված է եղել շտապօգնություն կանչել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Լեշչենկոն անմիջապես բեմից հոսպիտալացվել էր նաև 2014թ.: Այն ժամանակ բժիշկները նրա մոտ միջողնաշարային ճողվածք էին հայտնաբերել: Վիրահատությունից հետո արտիստը կրկին բեմ էր վերադարձել:










