Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հիմա կա նոր պլատֆորմ․ Սելինա Դողան

21:37 • 11.12.18

Թուրքիայի մեջլիսի հայազգի նախկին պատգամավոր, իրավաբան Սելինա Դողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին առաջին հերթին իր երկրում հույս արթնացնելու համար:

Նա այդ դիտարկումն արել է Tert.am-ի խնդրանքով՝ որպես պոլսահայ համայնքի ներկայացուցիչ ներկայացնելով իր կարծիքը Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

«Ես հույս ունեմ, որ հաջողությունը կառաջնորդի Հայաստանին դեպի վերածնունդ՝ բոլոր առումներով: Ենթադրում եմ, որ այս էվոլյուցիան էնտուզիազմ կառաջացնի աշխարհի բոլոր հայերի համար, և նրանք կգտնեն ճանապարհներ Հայաստանին աջակցելու համար»,- ասաց նա:

Սելինա Դողանը նաև հույս հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հիմա կա նոր պլատֆորմ: «Մեզնից յուրաքանչյուրը պետք է օգտագործի այդ հնարավորությունը: Եվ ես նույնպես օգտվում եմ այս հնարավորությունից և իմ ջերմ բարեմաղթանքներն եմ ուղարկում այն մայրիկներին, որոնք իրենց երեխաների հետ քայլել են դեպի հրապարակ ցույցերի ժամանակ»,- ասաց նա: