Հրապարակվել է 2018թ. ամենաբարձր վարձատրվող գրողների ցանկը՝ ըստ Forbes-ի
Ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է այս տարվա ամենաբարձր վարձատրվող գրողների վարկանշային աղյուսակը, որում ներառվել է 11 հեղինակ: Պարբերականի տվյալներով՝ 12 ամսում այս գրողներն ԱՄՆ-ում վաճառել են 24,5 միլիոն գիրք՝ վաստակելով 283 միլիոն դոլար:
Ըստ Forbes-ի՝ տարվա ամենաբարձր վարձատրվող գրող է դարձել դետեկտիվ ժանրի վեպերի հեղինակ Ջեյմս Պատերսոնը, որը մեկ տարում վաստակել է 86 միլիոն դոլար:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել նախորդ տարվա առաջատարը՝ Հարի Փոթերի մասին գրքերի շարքի հեղինակ, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որի եկամուտը կազմել է 54 միլիոն դոլար:
Առաջատար եռյակը եզրափակել է «սարսափների արքա» Սթիվեն Քինգը՝ 27 միլիոն դոլար եկամտով:
Ամենաբարձր վարձատրվող գրողների ցանկում են ներառվել նաև Ջոն Գրիշեմը ($21 միլիոն), Դեն Բրաունը ($18,5 միլիոն), Ջեֆ Քինին ($18,5 միլիոն), Մայքլ Վուլֆը ($13 միլիոն), Նորա Ռոբերտսը ($12 միլիոն), Դենիել Սթիլը ($12 միլիոն), Ռիք Ռիորդանը ($10,5 միլիոն) և Էրիկ Լեոնարդ Ջեյմսը ($10,5 միլիոն):










