Հաջորդ տարվա «Օսկար»-ը կարող է հաղորդավար չունենալ. Variety

10:16 • 12.12.18

Աֆրոամերիկացի կատակերգու Քևին Հարթի՝ «Oսկար-2019» կինոմրցանակաբաշխությունը վարելու առաջարկից հրաժարվելուց հետո, Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան դեռևս չի կարողանում հաղորդավարի համար հարմար թեկնածու գտնել:

Ինչպես նշում է Variety-ն, քաջատեղյակ աղբյուրին հղումով, կազմակերպիչները փակուղու առաջ են ու չգիտեն՝ ինչ անել:

Նրանք ցանկանում են ընտրել այնպիսի մեկին, ով ունի հումորի լավ զգացում, սակայն միևնույն ժամանակ երեկոյի ընթացքում չափից ավելի սուր հումորներ չի անի: Բայց մյուս կողմից «խելոք» հաղորդավարն էլ կարող է դառնալ մրցանակաբաշխության ցածր դիտելիության պատճառ:

Հավանական է համարվում նաև հաղորդավարից առհասարակ հրաժարվելու տարբերակը. նրան կարող են փոխարինել  մի շարք աստղեր, որոնք բեմ կբարձրանան ու կապահովեն շոուի ընթացքը:

Հիշեցնենք, որ Քևին Հարթը որոշել էր հրաժարվել հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը վարելու առաջարկից, քանի որ համացանցի բազմաթիվ օգտատերեր Հարթին մեղադրել էին հոմոֆոբ լինելու, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու համար:

Նրանք համացանցը ողողել էին Հարթի՝ ավելի վաղ արած ու միասեռականների «դեմ» ուղղված հայտարարություններով, մեկնաբանություններով:

Նրանք հոմոֆոբ դրսևորում են համարել դերասանի՝ 2015թ. հարցազրույցներից մեկում հնչեցրած այն միտքը, որ «ինքը՝ որպես հետերոսեքսուալ տղամարդ, ամեն ինչ կանի, որ իր որդին միասեռական չդառնա»:

Հարթի քննադատներից մեկն առաջարկել է «Օսկար»-ի երեկոյին նրան փոխարինել միասեռական հաղորդավարով:

 

 

Հաջորդ տարվա «Օսկար»-ը կարող է հաղորդավար չունենալ. Variety