Rammstein-ի մենակատարն իր մասին փաստագրական ֆիլմ կնկարահանի
Գերմանական հանրահայտ Rammstein ռոք խմբի մենակատար Թիլ Լինդեմանը, որն այժմ մենահամերգներով հանդես է գալիս Ռուսաստանում, մտադիր է իր մասին փաստագրական ֆիլմ նկարահանել, որում կպատմի իր արվեստի ու անձնական կյանքի մասին: Այս մասին գրում է TACC-ը՝ երգչի համերգային շրջագայության կազմակերպչի՝ T.C.I ընկերության մամուլի ծառայությանը հղումով:
Կազմակերպիչների խոսքով՝ արտիստն իր փաստագրական ֆիլմի նկարահանումները կսկսի «հենց այստեղ ու հիմա»՝ «Messer» շրջագայության շրջանակներում:
Նկարահանող խումբն ուղեկցում է երաժշտին բոլոր միջոցառումների ժամանակ: Բացի այդ, Լինդեմանի հետ շրջագայության է մեկնել նաև ռեժիսոր Զորան Բիխաչը, որը նկարահանել է ինչպես Rammstein-ի տեսահոլովակները, այնպես էլ Լինդեմանի անհատական տեսահոլովակները:
Ֆիլմի մանրամասներն ու դրա թողարկման ամսաթիվն առայժմ հայտնի չեն, սակայն T.C.I ընկերության մամուլի ծառայության տվյալներով՝ այն կբացահայտի աշխարհահռչակ երաժշտի ոչ միայն արվեստի, այլև անձնական կյանքի գաղտնիքները:










