Def Leppard-ը, Radiohead-ն ու Ջանեթ Ջեքսոնը կներառվեն ԱՄՆ-ի «Ռոքնռոլի փառքի սրահում»

06:19 • 14.12.18

Բրիտանական հանրահայտ The Cure, Def Leppard, Radiohead, The Zombies և Roxy Music ռոք խմբերը, ինչպես նաև երգչուհիներ Ջանեթ Ջեքսոնն ու Սթիվի Նիքսը հաջորդ տարի կներառվեն ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքի «Ռոքնռոլի փառքի սրահում»: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

Հայտնի է, հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2019 թվականի մարտի 29-ին Նյու Յորքի Barclays Center մարզահամալիրում:

Այս տարի «Ռոքնռոլի փառքի սրահում» ներառվելու համար պայքարում էր 15 խումբ ու երաժիշտ, այդ թվում գերմանական Kraftwerk խումբը, ամերիկյան Rage Against The Machine, Rufus, Devo և MC5 խմբերը, ինչպես նաև ամերիկացի երաժիշտներ Ջոն Փրայնն ու Թոդ Ռանդգրենը:

Կանոնների համաձայն՝ «Ռոքնռոլի փառքի սրահում» կատարողի կամ խմբի ներառման համար անհրաժեշտ է, որ առաջին ձայնագրության թողարկումից անցնի առնվազն 25 տարի: Այս պատվին արդեն արժանացել են The Beatles-ը, Չաք Բերին, Ջեյմս Բրաունը, Ռեյ Չարլզը, Բադի Հոլին, Էլվիս Փրեսլին, Բոբ Դիլանը, Բի Բի Քինգը, The Rolling Stones-ը, Արետա Ֆրանկլինը, KISS-ը, Nirvana-ն, Guns N' Roses-ը և այլ մեծանուն երաժիշտներ ու խմբեր։

Def Leppard-ը, Radiohead-ն ու Ջանեթ Ջեքսոնը կներառվեն ԱՄՆ-ի «Ռոքնռոլի փառքի սրահում»