Մշակույթի բնագավառում նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին զինվորական ծառայությունից տարկետում կտրվի

12:09 • 20.12.18

Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին Կառավարության որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտրվի:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց Կառավարության նիստում:

Ըստ հիմնավորման՝ Րաֆֆի Գալստյանը 2010-2018 թթ. սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի «պարարվեստ մասնագիտություն» բաժնում՝ ստանալով «բալետի դերասան» որակավորում։

2018 թվականի հունիսի 22-ին ընդունվել է օպերային թատրոն` որպես բալետի արտիստ։ Րաֆֆի Գալստյանը ներկայացումներում մշտապես հանդես է գալիս առաջատար մենապարողի դերում։

2018 թվականին Բորիս էյֆմանի բալետային թատրոնի կողմից հրավիրվել է Սանկտ Պետերբուրգ, անցել է մեկշաբաթյա փորձաշրջան ու հրավիրվել աշխատանքի։ 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցել է էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած «Tallin International Ballet Competition» միջազգային մրցույթին՝ զբաղեցնելով երրորդ տեղը, և հրավեր ստացել մասնակցելու «YAGP- 2018 New York» միջազգային մրցույթի եզրափակիչին։ 2014 թվականից ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության շնորհալի երեխաների տեղեկատվական բազայում։

Ակնկալվում է, որ իրավական ակտի ընդունումը թույլ կտա Րաֆֆի Գալստյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:

 

Մշակույթի բնագավառում նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին զինվորական ծառայությունից տարկետում կտրվի