Երգչուհի Անիտա Ցոյը խոստովանել է, որ ամուսնու հետ առանձին տներում են ապրում
Քառասունյոթամյա ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Անիտա Ցոյը հյուրընկալվել է ռուսական «Միլիոնանոց գաղտնիք» («Секрет на миллион») հեռուստաշոուին, որի ժամանակ մանրամասներ է պատմել անձնական կյանքից, գրում է woman.ru-ն:
Երգչուհին խոստովանել է, որ ամուսնացել է առանց սիրո՝ ստիպողաբար: Երգչուհու ամուսինը գործարար Սերգեյ Ցոյն է: Ամուսնությունից հետո վերջինս կարողացել է գրավել Անիտայի սիրտը, և 1992թ.-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Սերգեյը:
Երգչուհին խոստովանել է, որ այժմ ամուսնուց առանձին է ապրում: Նրա կարծիքով՝ հենց այդ պատճառով է իրենց միությունն այդքան ամուր:
«Մենք որոշեցինք, որ մեր ընտանիքում ներդաշնակություն կլինի միայն մի դեպքում՝ եթե տարբեր սենյակներում քնենք: Սկզբում այդպես էր: 28 տարվա մեջ ես հասա նրան, որ միևնույն տարածքի երկու տարբեր տներում ապրենք»,- ասել է երգչուհին:
Ցոյը դա բացատրում է այն հանգամանքով, որ իր և սիրելի ամուսնու գրաֆիկները չափազանց տարբեր են: Սերգեյն առավոտյան ժամը 7-ին գնում է աշխատանքի, իսկ ինքը դեռ ժամը 5-ին կարող է նոր երգեր գրել: Ամուսինը հաճախ հայտնիների է հրավիրում իր տուն: Անիտան այդ կենսակերպը միայն դրական է համարում: «Մեզ մոտ իսպառ վերացել են սկանդալները»,- հավելել է երգչուհին:












