«Թույլ տվեք ինձ Ֆրենկը լինել». Քևին Սփեյսին «Խաղաթղթե տնակ» սերիալի հերոսի կերպարով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)
Հոլիվուդյան հայտնի դերասան Քևին Սփեյսին սեռական ոտնձգությունների համար մեղադրանքներից հետո առաջին անգամ դիմել է հանրությանը: «Թույլ տվեք ինձ Ֆրենկը լինել» վերնագրով տեսանյութում դերասանը ներկայացել է «Խաղաթղթե տնակ» (House of Cards) հեռուստասերիալում իր կերտած հերոսի՝ Ֆրենկ Անդերվուդի կերպարով:
«Ես գիտեմ, թե դուք ինչ եք ցանկանում: Իհարկե, նրանք փորձեցին մեզ բաժանել, սակայն այն, ինչ մեզ կապում է, չափազանց ամուր է և հզոր: Չէ՞ որ ես ձեզ պատմում էի իմ ամենաանձնական գաղտնիքները, ցույց տալիս, թե ինչի են ընդունակ մարդիկ, ցնցում էի ձեզ իմ անկեղծությամբ, սակայն ամենից հաճախ ես ձեզ մարտահրավեր էի նետում՝ ստիպելով մտածել: Դուք հավատում էիք ինձ, չնայած գիտեիք, որ չարժե»,- ասել է Սփեյսին:
Դերասանը վստահություն է հայտնել, որ հեռուստադիտողները ցանկանում են իր վերադարձը՝ չնայած իր հասցեին հնչող մեղադրանքներին:
Դերասանի անվան շուրջ սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ դերասան Էնթոնի Ռեփը պատմել էր, որ Քևինը հարբած վիճակում փորձել է բռնաբարել իրեն, երբ ինքը 14 տարեկան էր: Սփեյսին իր հերթին հայտարարել էր, որ նման միջադեպ չի հիշում, սակայն ներողություն է խնդրել դերասանից:
Սկանդալից հետո մի քանի տասնյակ մարդիկ նույնպես հայտարարել էին Սփեյսիի կողմից սեռական ոտնձգության ենթարկվելու մասին: Դրա առնչությամբ գործը քննվում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների կողմից:
«Խաղաթղթե տնակ» հեռուստասերիալը թողարկող Netflix ընկերությունը սկանդալի ֆոնին որոշել էր դադարեցնել համագործակցությունը դերասանի հետ:
«Խաղաթղթե տնակ»-ը բրիտանական համանուն հեռուստասերիալի ամերիկյան տարբերակն է: Ֆիլմի հերոսը՝ Ֆրենկ Անդերվուդը, ամերիկյան կոնգրեսի մտացածին ներկայացուցիչ է, որը հետագայում դառնում է ԱՄՆ նախագահ: Հեռուստասերիալի սցենարով Անդերվուդն ինտրիգների և սպանությունների միջոցով ռեկորդային արագությամբ կոնգրեսականից երկրի նախագահ է դառնում:










