Երգչուհի Լոլիտան հայտարարել է, որ հոգու խորքում Ղրիմն իր համար ուկրաինական տարածք է

13:31 • 27.12.18

Ուկրաինայում ծնված ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի Լոլիտա Միլյավսկայան խոստովանել է, որ իր համար Ղրիմը շարունակում է ուկրաինական տարածք լինել: Այդ մասին նա ասել է «Крючок TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Երկու տարի առաջ թերակղզի կատարած այցի պատճառով երգչուհուն արգելել էին մուտք գործել Ուկրաինա՝ հիվանդ դստերը տեսակցելու:

«Ես իմ էությամբ խաղաղասեր եմ: Ինձ համար քաղաքական խաղեր գոյություն չունեն: Ես Ռուսաստանի քաղաքացի եմ: Ես իմ անձնագրով մուտք եմ գործել այնպիսի տարածք, որը Ռուսաստանն այժմ իրենն է համարում: Հոգու խորքում Ղրիմն ինձ համար առաջվա պես Ուկրաինա է, և երբ ես Ղրիմ եմ գնում, ուկրաիներեն եմ երգում»,- ասել է երգչուհին:

Լոլիտան նշել է, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պատճառով էստրադայի արտիստները երկու խմբի են բաժանվել: Օրինակ՝ Անի Լորակը և Սվետլանա Լոբոդան կողմնորոշված են ավելի շատ դեպի ռուսական լսարանը, իսկ Սվյատոսլավ Վակարչուկը և Տինա Կարոլը Ուկրաինան են ընտրել որպես «ապրելու և վաստակելու հիմնական վայր»:

Ինքը՝ երգչուհին, հայտարարել է, որ իր լսարանը ռուսականի և ուկրաինականի չի բաժանում՝ ասելով, որ ինքը բոլորի համար է երգում:

 

 

 

Երգչուհի Լոլիտան հայտարարել է, որ հոգու խորքում Ղրիմն իր համար ուկրաինական տարածք է