Երգչուհի Լոլիտան ասել է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնողների թվում շատ են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները

14:33 • 27.12.18

Ծնունդով Ուկրաինայից ռուսաստանաբնակ հանրահայտ երգչուհի Լոլիտա Միլյավսկայան «Крючок TV» ալիքին տված հարցազրույցում պատմել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին:

Լոլիտան հավաստիացրել է, որ Մոսկվայում սեռական փոքրամասնությունների համայնքի ներկայացուցիչներին չեն ճնշում, ավելին՝ նրանցից շատերը բարձր պաշտոններ են զբաղեցնում:

«Շատ մարդիկ զբաղեցնում են բարձր պաշտոններ: Նրանք չեն հայտարարում այդ մասին, սակայն ոչ էլ չափից դուրս թաքցնում են. դա հայտնի է: Եթե ամեն բան այդքան ճգնաժամային լիներ՝ ոչ ոք չէր զբաղեցնի ղեկավար պաշտոններ», - ասել է երգչուհին:

Պատասխանելով հարցին, թե ինչու են հետխորհրդային երկրների քաղաքական դաշտում այդքան շատ ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ գործիչները, Լոլիտան ասել է. «Դա եղել է միշտ և ամենուր»:


Երգչուհին նույն ալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր համար Ղրիմը շարունակում է ուկրաինական տարածք լինել:


«Ես իմ էությամբ խաղաղասեր եմ: Ինձ համար քաղաքական խաղեր գոյություն չունեն: Ես Ռուսաստանի քաղաքացի եմ: Ես իմ անձնագրով մուտք եմ գործել այնպիսի տարածք, որը Ռուսաստանն այժմ իրենն է համարում: Հոգու խորքում Ղրիմն ինձ համար առաջվա պես Ուկրաինա է, և երբ ես Ղրիմ եմ գնում, ուկրաիներեն եմ երգում»,- ասել է երգչուհին:

 

 

 



Երգչուհի Լոլիտան ասել է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնողների թվում շատ են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները