Կինոքննադատները հայտնել են 2018-ի լավագույն ֆիլմը
ԱՄՆ Կինոքննադատների ազգային միությունը (NSFC) հրապարակել է 2018թ.-ի լավագույն ֆիլմերի վարկանշային ցանկը:
Միության վարկածով լավագույն ֆիլմ է ճանաչվել չինացի ռեժիսոր ԽԽլոի Չժաոյի «Ձիավորը» (The Rider) ֆիլմը: Այն պատմում է մի տաղանդավոր ձի վարժեցնողի մասին, որը գլխի ծանր վնասվածքի պատճառով ստիպված է լինում թողնել կարիերան:
Երկրորդ տեղում մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Հռոմ» (Roma) ֆիլմն է, երրորդում` հարավկորեացի ռեժիսոր Լի Չհան Դոնի «Այրողը» (Burning) դրաման:
Կինոքննադատների ազգային միության վարկածով լավագույն դերասան է ճանաչվել Փոլ Շրեդերի «Առաջին բարեփոխվածը» (First reformed) ֆիլմի գլխավոր դերակատար Իթան Հոուկը, իսկ լավագույն դերասանուհի՝ Օլիվիա Քոլմանը՝ «Ֆավորիտը» (The Favourite) ֆիլմում դերի համար:











