30 տարվա մեջ առաջին անգամ «Օսկար»-ն առանց հաղորդավար կանցկացվի

14:37 • 10.01.19

Ամերիկյան կինոակադեմիան հեղինակավոր «Օսկար-2019» կինոմրցանակաբաշխության համար հարմար հաղորդավար չգտնելու պատճառով որոշել է 30 տարվա մեջ առաջին անգամ «Օսկար»-ն առանց հաղորդավար անցկացնել:

Ինչպես նշում է huffingtonpost.com-ը, այս տարվա մրցանակաբաշխությունը կանցկացվի նոր ձևաչափով: Մասնավորապես` բեմ կբարձրանան միջոցառման պրոդյուսերներն ու հոլիվուդյան աստղերը, որոնք կներկայացնեն այս կամ այն անվանակարգում հաղթողների անունները:

Աղբյուրը նկատում է, որ վերջին անգամ, երբ «Օսկար»-ն առանց հաղորդավար էր մնացել, 61-րդ մրցանակաբաշխությունն էր՝ 1989թ.:

Հիշեցնենք, որ աֆրոամերիկացի կատակերգու Քևին Հարթը 2018թ. տարեվերջին որոշել էր հրաժարվել «Օսկար» կինոմրցանակաբաշխությունը վարելու առաջարկից, քանի որ համացանցի բազմաթիվ օգտատերեր Հարթին մեղադրել էին հոմոֆոբ լինելու, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու համար:

Նրանք համացանցը ողողել էին Հարթի՝ ավելի վաղ արած ու միասեռականների «դեմ» ուղղված հայտարարություններով, մեկնաբանություններով:

Նրանք հոմոֆոբ դրսևորում են համարել դերասանի՝ 2015թ. հարցազրույցներից մեկում հնչեցրած այն միտքը, որ «ինքը՝ որպես հետերոսեքսուալ տղամարդ, ամեն ինչ կանի, որ իր որդին միասեռական չդառնա»:

Հարթի քննադատներից մեկն առաջարկել է «Օսկար»-ի երեկոյին նրան փոխարինել միասեռական հաղորդավարով:

30 տարվա մեջ առաջին անգամ «Օսկար»-ն առանց հաղորդավար կանցկացվի