Էլվիս Փրեսլիի՝ աճուրդի հանված իրերը վաճառվել են 600 000 դոլարով

22:34 • 10.01.19

ԱՄՆ-ում աճուրդով վաճառվել են լեգենդար երգիչ Էլվիս Փրեսլիի անձնական իրերն ու զարդերը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, աճուրդը կազմակերպվել է երգչի ժառանգների կողմից Մեմֆիսի Գրեյսկլենդ կալվածքում՝ Փրեսլիի ծննդյան տարեդարձի առթիվ:

Վաճառքի ներկայացված առարկաների շարքում գլխավորը նրա կարմիր թավշյա վերնաշապիկն է եղել, որն ամենից թանկ է վաճառվել: Փրեսլին այն կրել է հայրենի Տուպելո քաղաքում ելույթ ունենալիս 1956-ին: Վերնաշապիկը վաճառվել է 37 500 դոլարով:  

30 000 դոլարով վաճառվել է Փրեսլիի ադամանդներով ոսկե մատանին, որը նա հաճախ է կրել համերգների ժամանակ, իսկ ավելի ուշ նվիրել էր հորը:

Երգչի բաճկոնը և նրա մասնակցությամբ Love Me Tender ֆիլմի պաստառը գնահատվել են ավելի քան 10 000 դոլար:

Ընդհանուր առմամբ, աճուրդի ընթացքում ավելի քան 600 000 դոլար արժողությամբ իրեր են վաճառվել: Հունվարի 8-ին Փրեսլին կդառնար 84 տարեկան:

 

Էլվիս Փրեսլիի՝ աճուրդի հանված իրերը վաճառվել են 600 000 դոլարով