Մանթաշովի տունը հանվել է վաճառքի, սակայն գումարն այնքան բարձր է, որ իրատեսական չենք համարում գնումն այս պահին. Վրաստանում ՀՀ դեսպանություն
Հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի տունը հանվել է վաճառքի, և Թբիլիսիի հայերի միությունը բաց նամակով դիմել է Հայաստանի իշխանություններին, որպեսզի գնեն տունը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հարություն Հայրապետյանը։ Բաց նամակի նախաձեռնության հեղինակը նշել է, որ ցանկանում է` այն գնվի Հայաստանի իշխանությունների կողմից և դեսպանություն դառնա: Մենք էլ ենք կողմ, սակայն գումարն այնքան բարձր է, որ իրատեսական չենք համարում տան գնումն այս պահին», -ասաց նա և նշեց, որ Հայաստանի իշխանությունների կողմից դեռ որոշում չկա:
Հարություն Հայրապետյանը նշեց, որ իրենք գտնում են, թե որպես այդպիսին հարցի լուծումը տունը գնելն է, սակայն այլ հարց է, թե որքանով է դա համապատասխանում Հայաստանի ֆինանսական միջոցներին: Նա ասաց, որ տունը նորմալ վիճակում է, երկար ժամանակ վաճառվում էր, իսկ բաց նամակով դիմելու նախաձեռնության հեղինակը մշտապես բարձրացնում է այդ հարցը:
«Դեսպանությունը մեծ սիրով կցանկանար ձեռք բերել ոչ միայն դա, այլև այն, ինչ պատկանել և կառուցվել է հայերի կողմից: Բազմաթիվ հին շենքեր, որոնք պատմական արժեք ունեն, հայերին են պատկանել, հայերն են կառուցել, այսինքն՝ մշակութային ժառանգությունը մեծաթիվ է: Նմանատիպ շենքեր շատ կան, որ պատկանում են անհատ ձեռներեցներին և վաճառվում են, և սա հերթականն է»,-ասաց նա:
Ի դեպ, Tert.am-ի տեղեկություններով՝ սեփականատերը տունը վաճառում է 10 միլիոն դոլարով:










