Առաջին քաղաքակրթություններից մեկի բնօրրան. «Մադրիդցիներն աշխարհում» իսպանական հեռուստածրագրի ռեպորտաժը Հայաստանից (տեսանյութ)
Իսպանիայի «Մադրիդցիներն աշխարհում» ամենահայտնի ճանապարհորդական հեռուստանախագիծն այցելել է Հայաստան՝ «առաջին քաղաքակրթություններից մեկի բնօրրանը», ինչպես բնութագրել են իսպանացիները:
«Այդ իսկ պատճառով չէինք կարող չայցելել Երևանում տեղակայված Պատմության թանգարան, որը երկրի՝ ավելի քան 400 000 ցուցանմուշ ունեցող կարևորագույն թանգարաններից է: Մեր ուշադրությունը հատկապես գրավեց աշխարհի ամենահին կաշվե կոշիկը, որն ավելի քան 5500 տարվա պատմություն ունի», - ասվում է ռեպորտաժում, որի մի հատվածը նկարահանվել է հենց թանգարանում:
Հոլովակում ցուցադրվել են նաև թանգարանի մյուս նշանակալի և պատմական ցուցանմուշները: Այնուհետև հաղորդավարներն այցելել են Մատենադարան, որտեղ ծանոթացել են մի շարք ցուցադրված իրերին, այդ թվում և ամենամեծ և ամենփոքր գրքերին:
Ինչպես հաղորդավարներն ընդգծել են, «Հայաստանի նորագույն պատմությունը հասկանալու համար անհրաժեշտ է այցելել Հայոց ցեղասպանության թանգարան, որը հուշակոթող է 20-րդ դարի սկզբին զոհված միլիոն ու կես նահատակների»:
Գտնվելով Խոր Վիրապում՝ հեռուստալրագրող Սոնիա Գոնսալոն ներկայացնում է ձյունապատ Արարտ լեռը որպես բիբլիական լեռ, որտեղ հանգրվանել է Նոյյան տապանն ու նշում, որ Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն է:
Երևանում իսպանացի լրագրողներին հաջողվել է հանդիպել և զրուցել Պիլար անունով իսպանուհու հետ, որն ամուսնու և երեխաների հետ 4 տարի է, ինչ բնակվում է Հայաստանում: Պիլարի ուղեկցությամբ լրագրողների խումբն այցելել է նաև «Մեգերյան կարպետ» ընկերություն՝ ծանոթանալով հայկական գորգերին, այդ թվում և Ջորջ և Ամալ Քլունիներին նվիրված գորգին:
Հաջորդ վայրը, որտեղ նկարահանումներ են անցկացվել, «Արարատ» կոնյակի գործարանն է: Երևանում շրջելուց հետո իսպանացիներն այցելել են նաև Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանական համալիր, Սևան, ինչպես նաև Նորատուսի գերեզմանատուն՝ ծանոթանալով խաչքարերին և դրանց պատմությանը:










