Աննա Ֆրանկի տուն-թանգարանն այցելուների սերնդափոխությամբ պայմանավորված նոր մոտեցում կմշակի

09:20 • 19.01.19

Գերմանիայում ծնված, այնուհետ ընտանիքով Նիդեռլանդներ փախած հրեա Աննա Ֆրանկի տուն-թանգարանը, որն Ամստերդամի ամենահայտնի վայրերից է, 2 տարի տևած վերանորոգումից հետո այցելուների «նոր սերնդի» կհյուրընկալի, գրում է ANSA գործակալությունը:


Թանգարանի ղեկավարության համաձայն՝ այն այցելող հասարակությունը փոխվել է: Այժմ այցելուների մեծ մասը 25-ից ցածր երիտասարդներն են, հետևաբար՝ անհրաժեշտ է նոր մոտեցում մշակել:


«Շատ կարևոր է ոչինչ ակնհայտ չհամարել և մանրամասն տեղեկություններ հաղորդել այցելուներին այն մասին, թե ինչ պատմական համատեքստում է ապրել Աննա Ֆրանկը»,- ասել է թանգարանի գործադիր տնօրեն Ռոնալդ Լեոպոլդը:


Ինչպես նշում է գործակալությունը, Ֆրանկների գաղտնի ապաստանը որևէ փոփոխության չի ենթարկվել, սակայն ավելացվել են տեղեկատվական ցուցանակները, գրությունները, ինչպես նաև ավելացվել են ձայնագրություններ և տեսագրություններ:

«Ավելի շատ տեղեկություններ կհաղորդենք մեր այցելուներին Երկրորդ աշխարհամարտի և Հոլոքոստի վերաբերյալ»,- հավելել է Լեոպոլդը:

Աննա Ֆրանկի տուն-թանգարանն այն վայրն է, որտեղ 1942-1944թթ.՝ մինչև համակենտրոնացման ճամբար ուղարկվելը, թաքնվել են 8 հրեաներ, այդ թվում՝ Աննան՝ ծնողների և քրոջ հետ: Այստեղ է աղջնակը գրել իր հայտնի օրագիրը:

Աննա Ֆրանկի տուն-թանգարանն այցելուների սերնդափոխությամբ պայմանավորված նոր մոտեցում կմշակի