«Իմ մահն աչքերիս առաջ է». Քրիստիան Բեյլն այլևս հանուն դերի քաշի փոփոխության չի գնա
Բրիտանացի հայտնի դերասան Քրիստիան Բեյլը հայտարարել է, որ այլևս հանուն դերի քաշի փոփոխությունների չի գնա, գրում է The Times-ը:
«Ես այլևս չեմ կարող այդպես շարունակել: Իսկապես չեմ կարող: Իմ մահն աչքերիս առաջ է»,- ասել է դերասանը: Նա նաև նշել է, որ իր կինը նույնպես ծանր է տանում իր արտաքինի մշտական փոփոխությունները:
Քառասունչորսամյա դերասանն իր կարիերայի ընթացքում տարբեր կերպարներ մարմնավորելու համար մշտապես նիհարել կամ գիրացել է: «Ամերիկյան հոգեգարը» (American Psycho) ֆիլմի համար նա գիրացել էր մինչև 81 կգ, ապա «Մեքենավարը» (El Maquinista) ֆիլմի համար 26 կգ նիհարել:
Անցած տարի էկրան բարձրացավ Բեյլի մասնակցությամբ «Փոխնախագահ» (Vice) ֆիլմը, որում գլխավոր կերպարին՝ Դիք Չեյնիին մարմնավորելու համար դերասանը նորից մոտ 20 կգ գիրացել էր:










