Հայտնի ադրբեջանցի երգիչը չեղարկել է ամերիկյան շրջագայությունն ԱՄՆ հատուկ դատախազ Մյուլերի կողմից չձերբակալվելու համար. Daily Mail
Ռուսաստանաբնակ ադրբեջանցի երգիչ Էմին Աղալարովը, որը նաև Crocus Group-ի փոխնախագահն է, չեղարկել է հյուսիսամերիկյան համերգային շրջագայությունը: Երգիչն այս մասին գրել է Instagram-ում՝ ընդգծելով, որ դա անում է իր կամքին հակառակ:
Սակայն Daily Mail-ը գրում է, որ շրջագայության չեղարկման պատճառն այն է, որ Աղալարովի փաստաբանները չեն կարողացել պայմանավորվել 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին ռուսական կողմի հավանական միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդու և ռուս իրավաբանի միջև 2016թ. տեղի ունեցած հանդիպման միջնորդն ու կազմակերպիչը եղել է օլիգարխ Արազ Աղալարովի որդին՝ Էմին Աղալարովը:
Մյուլերն ու Կոնգրեսը ցանկանում են հարցաքննել Աղալարովին, սակայն վերջինս չի ցանկանում ցուցմունք տալու համար մեկնել ԱՄՆ: Չի բացառվում, որ ցուցմունք տալու դեպքում Աղալարովն ինքը կարող է խնդիրներ ունենալ օրենքի հետ:

Աղբյուրը մանրամասնում է, որ հայր ու որդի Աղալարովների կապը Թրամփի հետ ստեղծվել է 2013թ., երբ նրանց նախաձեռնությամբ Մոսկվայում անցկացվել է այն ժամանակ դեռ Թրամփին պատկանող «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթը:

Դրանից հետո Աղալարով-Թրամփ կապն այնքան է ամրապնդվել, որ Էմին Աղալարովն արտասահմանյան համերգներից մի քանիսը կազմակերպել է ԱՄՆ նախագահին պատկանող տարածքներում:
Դեռևս 2018թ. մարտին հեղինակավոր Forbes հանդեսը տեղեկացրել էր, որ Էմին Աղալարովը 2016թ. ընթացած նախագահական քարոզարշավի ժամանակ մշտական կապի մեջ է եղել Թրամփ ընտանիքի հետ: Նա նամակագրական կապ է պահպանել Դոնալդ Թրամփ կրտսերի հետ, ինչի մասին խոստովանել է հարցազրույցներից մեկի ժամանակ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Դոնալդ Թրամփ կրտսերը 2016թ. հունիսին Նյու Յորքում հանդիպել է ռուսական իշխանությունների հետ կապ ունեցող իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ:
Թրամփի որդին համաձայնել էր հանդիպել ռուս իրավաբանի հետ, քանի որ իրեն խոստացել էին վարկաբեկիչ տեղեկություն տրամադրել այն ժամանակ ընթացող նախագահական մրցապայքարում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնի վերաբերյալ:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով ավագ որդու և Կրեմլի միջև հավանական կապի մասին սկանդալին, նշել է, որ որդին «բարձր կատեգորիայի մարդ է» և որ ինքը «հիացած է նրա պարզությամբ»:










