Թուրք գիտնականը պնդում է, որ Թուրքիայից գողացված որոշ պատմական իրեր՝ այդ թվում հայկական կաթոլիկ եկեղեցուն պատկանող, գտնվել են Լոնդոնում

17:16 • 22.01.19

Թուրքիայում գործող Սուլեյման Դեմիրելի անվան համալսարանի դասախոս Հայալ Գյուլեչը հայտարարել է, որ երկրի տարածքում գողացված մի շարք պատմական իրեր այժմ գտնվում են Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, դրանց թվում են նաև Ստամբուլի հայկական կաթոլիկ եկեղեցուց գողացված որոշ իրեր:

Ինչպես հաղորդում է arkeolojikhaber.com-ը, թուրք գիտնականը պնդել է, որ լոնդոնյան թանգարանում ցուցադրված են նաև Օսմանյան կայսրության գլխավոր պալատը հանդիսացած «Թոփքաթը» ամրոցից ու տարբեր մզկիթներից անհետացած իրեր, թուրք հնագետների կողմից Բուրսայում և Տիգրանակերտում պեղված գտածոներ:

Գյուլեչը որոշակի ապացույցներ է ներկայացրել կայքի խմբագրությանը՝ պնդելով, որ տարբեր թվականների մի շարք մզկիթներից անհետացած իրեր այժմ ցուցադրված են Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում:

Ենթադրվում է, որ անհայտ անձինք գողացել և վաճառել են պատմական նշանակություն ունեցող իրերը, այնուհետև դրանք մի քանի անգամ վերավաճառվել ու անհայտ ճանապարհով հասել են թանգարան:

Հայկական կաթոլիկ եկեղեցուց գողացված իրերի մասին գիտնականը մանրամասներ չի ներկայացրել: Հայտնի չէ նաև, թե նշված իրերը երբ են գողացվել հայկական եկեղեցուց:

Թուրք գիտնականը պնդում է, որ Թուրքիայից գողացված որոշ պատմական իրեր՝ այդ թվում հայկական կաթոլիկ եկեղեցուն պատկանող, գտնվել են Լոնդոնում