Քրիս Բրաունն իրեն բռնաբարության համար մեղադրած կնոջ դեմ դատական հայց է ներկայացրել
Ամերիկացի հայտնի երգիչ Քրիս Բրաունն իր արժանապատվությունը վարկաբեկելու մեղադրանքով դատական հայց է ներկայացրել իրեն խմբակային բռնաբարության համար մեղադրած կնոջ դեմ, գրում է Hollywood Reporter-ը:
Երգչի դատապաշտպանը պահանջում է աղջկան «զրպարտության համար» քրեական պատասխանատվության ենթարկել:
Ավելի վաղ 24-ամյա կնոջ ներկայացրած մեղադրանքով ձերբակալել էին Բրաունին: Կինը պնդել է, որ երգիչն ընկերներից մեկի ու թիկնապահի հետ բռնաբարել է իրեն այն բանից հետո, երբ ինքը ծանոթացել է Բրաունի հետ բարերից մեկում և նրա հետ հյուրանոց գնացել:
Բրաունին և մյուս երկու ներգրավված անձանց ձերբակալել էին հենց հյուրանոցում, սակայն ավելի ուշ բաց էին թողել: Չնայած դրան՝ գործը փակված չէ:
Երգիչը հերքել է իր հասցեին բոլոր մեղադրանքները՝ դրանք զրպարտություն անվանելով:










