ԱՄՆ կինոդերասանների գիլդիան ընտրել է լավագույն ֆիլմը, դերասանին ու դերասանուհուն (տեսանյութեր)

10:53 • 28.01.19

Միացյալ Նահանգների կինոդերասանների գիլդիայի մրցանակը (SAG-Screen Actors Guild Award) «Գեղարվեստական ֆիլմում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում բաժին է հասել Ռայան Քուգլերի «Սև հովազ» ֆիլմին, որը, ի դեպ, ներկայացված է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին տեղեկանում ենք ասոցիացիայի թվիթերյան էջից:


Նշվում է, որ այս անվանակարգում ֆիլմի հետ մրցել են «Բոհեմյան ռապսոդիա», «Աստղ է ծնվել», BlacKkKlansman, «Չափազանց հարուստ ասիացիները» ֆիլմերը:


«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Ռամի Մալեքը, որը «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմում մարմնավորել է Ֆրեդի Մերկուրիին: Ռամի Մալեքի հետ մրցել են Բրեդլի Կուպերը՝ «Աստղ է ծնվել», Քրիստիան Բեյլը՝ «Իշխանություն», Վիգգո Մորտենսենը՝ «Կանաչ գիրքը» և Ջոն Դևիդ Վաշինգտոնը՝ BlacKkKlansman: 


«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է «Կինը» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Գլեն Քլոուզը: Քլոուզի հետ նույն անվանակարգում մրցել են Լեդի Գագան՝ «Աստղ է ծնվել», Օլիվիա Քոլմանը՝ «Ֆավորիտուհին», Էմիլի Բլանտը՝ «Մերի Փոփինսը վերադառնում է», և Մելիսա Մաքքարտին՝ «Կարո՞ղ եք ինձ ներել»:

 

Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:

 

 

ԱՄՆ կինոդերասանների գիլդիան ընտրել է լավագույն ֆիլմը, դերասանին ու դերասանուհուն (տեսանյութեր)