«Եվրատեսիլ-2019»-ին Հայաստանը ներկայացնող Սրբուկը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին մասում
«Եվրատեսիլ-2019» երգի ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի առաջին մասում, որը տեղի կունենա մայիսի 16-ին: Վիճակահանությունը տեղի է ունեցել հունվարի 28-ին՝ Թել Ավիվի արվեստների թանգարանում, տեղեկանում ենք մրցույթի կազմկոմիտեի ֆեյսբուքյան էջից:
Հայաստանի հետ երկրորդ կիսաեզրափակչի առաջին մասում ելույթ կունենան Շվեյցարիան, Շվեդիան, Իռլանդիան, Ավստրիան, Մոլդովան, Լատվիան, Ռումինիան, Դանիան, մինչդեռ Ալբանիան, Ադրբեջանը, Մակեդոնիան, Նորվեգիան , Ռուսաստանը, Նիդեռլանդները, Խորվաթիան, Լիտվան, Մալթան ելույթ կունենան երկրորդ մասում: Երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենան նաև Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան:
Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին: Առաջին կիսաեզրափակչի առաջին մասում ելույթ կունենան Սլովենիայի, Բելառուսի, Չեխիայի, Մոնտենեգրոյի, Կիպրոսի, Սերբիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի և Հունգարիայի, երկրորդ մասում՝ Էստոնիայի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Իսլանդիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Բելգիայի, Ուկրաինայի, Հունաստանի ներկայացուցիչները: Առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենան նաև Իսրայելը, Ֆրանսիան ու Իսպանիան:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Իսրայելում՝ Թել Ավիվում:










