Բրիտանացի աստղերը կոչ են արել «Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղափոխել Իսրայելից
Բրիտանայում 50 հայտնի անձինք, որոնց թվում՝ ոճաբան Վիվիեն Վեսթվուդը, երգիչ Փիթեր Գեբրիելը և Wolf Alice ռոք խմբի անդամները, կոչ են արել «Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղափոխել Իսրայելից:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, բրիտանացի հայտնիները, մեջբերելով մարդու իրավունքների առնչությամբ իրենց մտահոգությունները, բաց նամակ են ստորագրել՝ կոչ անելով բրիտանական հեռուստաընկերությանը դիմել կազմակերպիչներին մրցույթի անցկացման վայրը տեղափոխելու խնդրանքով:
«Եվրատեսիլը կարող է ժամանցի միջոց լինել, բայց այն զերծ չէ մարդու իրավունքների նկատառումներից»,- ասվում է նամակում:
Ի պատասխան նրանց խնդրանքի՝ հեռուստաընկերությունը հայտնել է, որ ճիշտ չէ այս հարցում ներգրավել BBC-ին քաղաքական պատճառներով»:
Հիշեցնենք, որ երգի ամենամյա միջազգային մրցույթն այս տարի անցկացվելու է Թել Ավիվում, քանի որ անցյալ տարի մրցույթի հաղթող է ճանաչվել Իսրայելի ներկայացուցիչը:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2019» մրցույթում Հայաստանը ներկայացնող Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի առաջին մասում, որը տեղի կունենա մայիսի 16-ին:










