«Մատանիների տիրակալի» ռեժիսորը փաստագրական ֆիլմ է նկարահանում The Beatles-ի մասին
Անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքիենի «Մատանիների տիրակալը» վեպի հիման վրա նկարահանված լեգենդար ֆիլմաշարի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը փաստագրական ֆիլմ է նկարահանում անգլիական հանրահայտ The Beatles խմբի մասին, գրում է Irish Independent-ը:
Ջեքսոնի խոսքով՝ ֆիլմում կօգտագործվեն այն տեսագրութունները, որոնք արվել են 1969 թվականի հունվարին՝ խմբի լուծարումից մի քանի ամիս առաջ: Նախկինում այս տեսագրությունները հանրությանը չեն ներկայացվել:
Ռեժիսորը նաև հավելել է, որ իր տրամադրության տակ են հայտնվել ստուդիական նկարահանումների տեսագրությունները՝ ընդհանուր մոտ 55 ժամ տևողությամբ, ինչպես նաև աուդիոձայնագրություններ՝ շուրջ 140 ժամ տևողությամբ: Նրա հավաստմամբ՝ այս տեսագրություններից բացի չկա որևէ այլ տեսագրություն, որն արված կլինի «լիվերպուլյան քառյակի»՝ ստուդիայում աշխատելու ընթացքում:










