Վլադիմիր Էտուշի մասնակցությամբ «Բենեֆիս» ներկայացումն այլևս չի բեմադրվի

02:54 • 31.01.19

Մոսկվայի Ե.Վախթանգովի անվան թատրոնի ղեկավարությունը որոշել է ռեպերտուարից հանել «Բենեֆիս» ներկայացումը, որտեղ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը գլխավոր դերն էր կատարում: Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ թատրոնի մամուլի ծառայությանը հղումով, 96-ամյա արտիստի համար երեք ժամ անընդմեջ բեմում գտնվելն արդեն բավական դժվար է:

Թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը հաստատել է այս լուրը՝ նշելով, որ թատրոնի ղեկավարությունը փորձում է ելք գտնել, որը Վլադիմիր Էտուշին պարբերաբար բեմ բարձրանալու հնարավորություն կտա:

Կիրիլ Կորկի և թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասի խոսքով՝ «Բենեֆիսը» Վախթանգովի անվան թատրոնի ռեպերտուարից հանելը «դժվար որոշում էր»: Թատրոնի ղեկավարությունը հիշեցնում է, որ ներկայացումն առաջին անգամ բեմադրվել է երկու տարի առաջ, և մինչ օրս ամեն ամիս հանդիսատեսն այն լեփ-լեցուն դահլիճներով է դիմավորել, սակայն 96-ամյա մեծանուն դերասանի համար այս դերը կատարելն արդեն դժվար է:

Բացի այդ, թատրոնի ղեկավարությունը չի ուզում նաև անհարմար դրության մեջ դնել հանդիսատեսին, քանի որ ներկայացումը կարող է վեջին պահին փոխարինվել կամ չեղարկվել արտիստի ինքնազգացողության վատացման պատճառով, ինչն էլ վերջերս բազմիցս տեղի է ունեցել: Միևնույն ժամանակ իրենք գիտակցում են, որ բեմ բարձրանալու անհրաժեշետությունը Վլադիմիր Էտուշի համար հավասարազոր է օդի, ջրի և սննդի անհրաժեշտությանը, ուստի կարվի հնարավոր ամեն ինչ՝ նրան պարբերաբար բեմում գտնվելու հնարավորություն տալու համար:

Վլադիմիր Էտուշի մասնակցությամբ «Բենեֆիս» ներկայացումն այլևս չի բեմադրվի