Քրիս Պրատը խոստացել է, որ «Գալակտիկայի պահապանները 3» ֆիլմն անպայման կթողարկվի
Ամերիկացի հայտնի դերասան Քրիս Պրատը հայտարարել է, որ «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի երրորդ մասն անպայման կնկարահանվի ու կթողարկվի՝ չնայած ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Գանի աշխատանքից ազատմանն ու դրա շուրջ ծագած սկանդալին, գրում է Variety-ն:
Միևնույն ժամանակ դերասանն ընդգծել է, որ չի կարող ասել, թե ինչպիսին կլինի ֆիլմի շարունակությունը:
«Ես խոստանում եմ, որ երրորդ ֆիլմը կթողարկվի: Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի այս ֆիլմը, սակայն չեմ կասկածում, որ նախագծի բոլոր մասնակիցները ցանկանում են տալ երկրպագուներին հենց այն, ինչը նրանք են ուզում, և խելամտորեն ավարտին հասցնել եռերգությունը»,- հայտարարել է Պրատը:
Հիշեցնենք, որ The Walt Disney Studios ամերիկյան ընկերությունը խզել է հարաբերությունները «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Գանի հետ՝ Twitter սոցցանցում մի շարք «վիրավորական» գրառումների համար, որոնք նա արել է շուրջ 10 տարի առաջ՝ դեռ մինչ ստուդիայի հետ պայմանագիր կնքելը:
Այնուհետև «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի դերասանները ռեժիսոր Ջեյմս Գանին աջակցող բաց նամակ են հղել՝ վերջինիս աշխատանքից հեռացման կապակցությամբ: Բաց նամակն Instagram-ի իր էջում հրապարակել է ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորող Քրիս Պրատը:










