«Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման մերժումն անօրինական է եղել. հացադուլ հայտարարած ռեժիսոր (տեսանյութ)

14:50 • 04.02.19

«Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման մերժումն անօրինական է եղել: Այս մասին այսօր Ազգային ժողովի այգում տեղի ունեցած բացօթյա ասուլիսին հայտարարեց հացադուլ հայտարարած կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը:

Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո նոր մշակույթի նախարարը պետք է 70 մլն դրամ տրամադրեր ֆիլմի համար՝ 55 մլնը նկարահանումների շրջանի և 15 մլն դրամը հետարտադրության համար:

«Հիմա այդ 55 մլն-ի հայտը մերժեցին՝ հղում անելով կանոնակարգի մի կետի, որին հղում անել չէին կարող, որովհետև իմ՝ նախորդ հացադուլից դուրս գալու հիմնական պատճառն այն էր, որ Լիլիթ Մակունցը եկավ ինձ մոտ և ասաց, որ հանձնաժողով կհրավիրի, իրենք կքննարկեն այդ կետի օրինականությունը»,- ասաց նա:

Կինոռեժիսորը նշում է, որ նոր հրավիրված հանձնաժողովում Արդարադատության նախարարության ներկայացուցիչն արձանագրել էր, որ մերժման դրույթը չէր կարող կիրառվել նախագծի հանդեպ:

«Այդ կետն իրենից ներկայացնում էր այն, որ մեր ընկերությունը նախկինում ունի ֆիլմ, որի հանդեպ ունի չավարտված պարտավորություններ կինոկենտրոնի հանդեպ: Բայց մեր հայտն ընդունել էին՝ իմանալով այդ ֆիլմի խնդիրները, երկրորդ՝ մենք այդ ֆիլմի հետ կապված որևէ պարտավորություն չունենք, այդ ֆիլմը հետաձգվել է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Հովհաննես Գալստյանը հայտարարություն էր տարածել, որով հայտնում էր հացադուլը վերսկսելու մասին: Կինոռեժիսորն իր հայտարարության մեջ հիշեցրել է, որ 2015թ.-ի հուլիսի 21-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոնախագծերի փաթեթների ընդունման և հաստատման կանոնակարգի համաձայն՝ «Պարալլելս Ֆիլմպրոդքշն» ընկերությունը կինոկենտրոն է փոխանցել «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հայտը և արտադրության փաթեթը՝ պետական ֆինանսավորմամբ աջակցություն ստանալու նպատակով:

Նոյեմբեր 13-ին կինոկենտրոնը No․329 գրությամբ ընկերությանը տեղեկացրել է, որ կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը հաստատել է «Տատիկիս Վարսերը» նախագծին 2016-2018թթ-ին, նախագծի ամբողջ բյուջեի 30%-ի ֆինանսական աջակցություն տրամադրելու առաջարկը։ 2016թ-ին կինոկենտրոնը ընկերությանն է փոխանցել պայմանագիր, որտեղ նշվել է նախագծում կինոկենտրոնի մասնակցության չափը՝ 88 մլն դրամ։

Ըստ նրա՝ հետագայում, հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի առանձնահատկությունները, կինոկենտրոնն առաջարկել է մեկ ընդհանուր պայմանագիրը փոխարինել հատվածական պայմանագրերով յուրաքանչյուր տարվա համար:

«Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման մերժումն անօրինական է եղել. հացադուլ հայտարարած ռեժիսոր (տեսանյութ)