Հացադուլը վերսկսած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի ասուլիսը (տեսանյութ)
Ազգային ժողովի այգում տեղի է ունենում կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանի բացօթյա ասուլիսը:
Նախօրեին՝ փետրվարի 3-ին, Հովհաննես Գալստյանը հայտարարություն էր տարածել, որով հայտնում էր հացադուլը վերսկսելու մասին:
Կինոռեժիսորն իր հայտարարության մեջ հիշեցրել է, որ 2015թ.-ի հուլիսի 21-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոնախագծերի փաթեթների ընդունման և հաստատման կանոնակարգի համաձայն՝ «Պարալլելս Ֆիլմպրոդքշն» ընկերությունը կինոկենտրոն է փոխանցել «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հայտը և արտադրության փաթեթը՝ պետական ֆինանսավորմամբ աջակցություն ստանալու նպատակով:
Նոյեմբեր 13-ին կինոկենտրոնը No․329 գրությամբ ընկերությանը տեղեկացրել է, որ կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը հաստատել է «Տատիկիս Վարսերը» նախագծին 2016-2018թթ.-ին նախագծի ամբողջ բյուջեի 30%-ի ֆինանսական աջակցություն տրամադրելու առաջարկը։
2016թ.-ին կինոկենտրոնը ընկերությանն է փոխանցել պայմանագիր, որտեղ նշվել է նախագծում կինոկենտրոնի մասնակցության չափը՝ 88մլն դրամ։
Ըստ նրա՝ հետագայում, հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի առանձնահատկությունները, կինոկենտրոնն առաջարկել է մեկ ընդհանուր պայմանագիրը փոխարինել հատվածական պայմանագրերով յուրաքանչյուր տարվա համար։
«2016թ.-ին կինոկենտրոնը կատարել է պարտավորությունը: 2017թ.-ին Մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով պայմանագրով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է»։









