Ինչո՞ւ փոխել մի բան, ինչը քո խորհրդանշանն է, դիմագիծն է, նկարագիրն է, էությունը. ո՞րն է դրա իմաստը. Հովիկ Չարխչյանը՝ ՀՀ օրհներգի փոփոխության մասին (տեսանյութ)

19:16 • 05.02.19

Որևէ բան փոփոխելուց առաջ, անկախ նրանից՝ խոսքը պետական խորհրդանիշների մասին է, թե այլ երևույթի, պետք է նախ և առաջ հիմնավորվի, բացատրվի դրա տրամաբանությունը, և միևնույն ժամանակ գիտակցվի, թե խոսքն ինչի մասին է: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը՝ անդրադառնալով ՀՀ օրհներգի փոփոխության հարցին:

Հովիկ Չարխչյանը բացատրեց, որ պետական սիմվոլիկան մեծ հաշվով վերացական հասկացություն է, և կոպիտ ասած՝ առանց դրա էլ, ըստ էության, որևէ բան չի փոխվի, եթե պետությունները զրկված լինեն այդ երեք ատրիբուտներից:

«Բայց միևնույն ժամանակ, եթե մարդիկ ընտրում են նման խորհրդանիշներ, կրում են դրանք և իրենց համար նշանակություն են ձեռք բերում, դա նշանակում է, որ դրանց նկատմամբ վերաբերմունքը, նախանձախնդրությունը պետք է շատ սուղ լինի, և բնական է՝ ցանկացած փոփոխության դեպքում արձագանքը նույնպես սուր պետք է լինի: Ինչո՞ւ փոխել մի բան, ինչը քո խորհրդանշանն է, դիմագիծն է, նկարագիրն է, էությունն է. ո՞րն է  դրա իմաստը»:  

Գրականագետը նկատեց, որ երբեմն քաղաքական, պատմական լուրջ իրադարձությունների ընթացքում անհրաժեշտություն է լինում փոխել, որովհետև փոխվում է երկրի ընթացքը. «Բայց տվյալ պարագայում ներկա իրավիճակում նման բան գոյություն չունի: Մեր օրհներգի և՛ բովանդակությունը, և՛ երաժշտությունը, և՛ ուղղվածությունը գաղափարական նման փոփոխություն կրելու անհրաժեշտություն չունեն»:  

Հովիկ Չարխչյանը նշեց, որ աշխարհում 200-ից ավելի երկրներ կան, և եթե յուրաքանչյուրի օրհներգի պատմությունը նայեն, կտեսնեն, որ ճնշող մեծամասնության մեջ կա այդ հետևողականությունը՝ պահպանել այն, ինչ գոյություն ունի: «Անկախ նրանից՝ ինչպիսի ժամանակներ են, որ դարերն են, ինչ է փոխվել մարդկանց գիտակցության ու պատկերացումների մեջ, որովհետև ոչ մեկը չի պատրաստվում վերափոխել այն, ինչ ինքն է»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:




 

ՀեղինակԱնի Օհանյան
Ինչո՞ւ փոխել մի բան, ինչը քո խորհրդանշանն է, դիմագիծն է, նկարագիրն է, էությունը. ո՞րն է դրա իմաստը. Հովիկ Չարխչյանը՝ ՀՀ օրհներգի փոփոխության մասին (տեսանյութ)