Սիրիական Կրակ դե Շևալյե ամրոցում գաղտնի սենյակ է հայտնաբերվել

14:06 • 06.02.19

Սիրիական Հոմս նահանգում գտնվող հինավուրց Կրակ դե Շևալյե ամրոցում հնագետները գաղտնի սենյակ են հայտնաբերել: Այս մասին լրագրողներին պատմել է ամրոցի պահապան Մուհամադ Հարիրին:

Ինչպես նշում է regnum.ru-ն, ամրոցի միջանցքները մաքրելիս պատի մեջ ճեղք է հայտնաբերվել, իսկ դրա ետևում՝ բաց տարածություն: Պատի շարվածքը քանդելուց հետո ի հայտ է եկել նախկինում անհայտ սենյակը: Այնտեղ քարե պնակներ ու վառարան է եղել:

Մասնագետները կարծում են, որ սենյակը նախատեսված է եղել ներքնազգեստները լվանալու կամ գինի պատրաստելու համար: Հավանական է, որ այն պատով փակած լինեն մամլուքները՝ ամրոցը գրավելուց հետո:

Սենյակի քարերի նմուշներն ուղարկվել են փորձաքննության:

Կրակ դե Շևալյե ամրոցը միջնադարյան պահպանված կարևորագույն ամրոցներից է և ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

2013թ.-ին ահաբեկիչները գրավել էին ամրոցը, իսկ 2014թ.-ին սիրիական բանակն այնտեղից քշել էր զինյալներին: Անցած տարվանից ամրոցը կրկին բաց է այցելուների համար:

Սիրիական Կրակ դե Շևալյե ամրոցում գաղտնի սենյակ է հայտնաբերվել