Չեմ ընդունելու ստախոսությունը, Հովհաննես Գալստյանը պետք է 2017-ին ավարտած լիներ «Տատիկիս վարսերի» նկարահանումները. մշակույթի փոխնախարար

23:21 • 07.02.19

ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը կհանդիպի հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին, եթե վերջինս ներողություն խնդրի հայհոյանքների համար: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հովհաննես Գալստյանը հայտարարում է, թե հասարակությունից հանգանակություն է հավաքելու՝ ֆիլմի նկարահանումները սկսելու համար։ Ի՞նչ նկարահանումների մասին է խոսքը, երբ ըստ կինոկենտրոնի հետ իր արտադրական ընկերության կնքած պայմանագրի՝ նա պետք է արդեն ավարտած լիներ նկարահանումները 2017-ին և դրանից հետո էլ 2018թ, երկարացված ժամկետին։

Ես՝ որպես մարդ և քաղաքացի, իհարկե, ցավակից եմ իր վիճակին, բայց չեմ ընդունել և չեմ ընդունելու ստախոսությունը, խաբեբայությունը, խարդախությունը, հայհոյախոսությունը։

Ես մի անգամ իրեն պատասխանել եմ՝ ինձ հետ հանդիպելու իր ցանկության առիթով, որ կհանդիպեմ միայն այն դեպքում, եթե նա հրապարակավ ներողություն կխնդրի իմ հասցեին հանրայնորեն արտահայտած իր հայհոյանքների համար։ Հիմա էլ նույնն եմ ասում»։

Հիշեցնենք, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի համար պետական աջակցություն ստանալու պահանջ է դրել Հովհաննես Գալստյանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը:

Կինոռեժիսորն իր հայտարարության մեջ հիշեցրել է, որ 2015թ.-ի հուլիսի 21-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոնախագծերի փաթեթների ընդունման և հաստատման կանոնակարգի համաձայն՝ «Պարալլելս Ֆիլմպրոդքշն» ընկերությունը կինոկենտրոն է փոխանցել «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հայտը և արտադրության փաթեթը՝ պետական ֆինանսավորմամբ աջակցություն ստանալու նպատակով:

Նոյեմբեր 13-ին կինոկենտրոնը No․329 գրությամբ ընկերությանը տեղեկացրել է, որ կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը հաստատել է «Տատիկիս Վարսերը» նախագծին 2016-2018թթ.-ին նախագծի ամբողջ բյուջեի 30%-ի ֆինանսական աջակցություն տրամադրելու առաջարկը։

2016թ.-ին կինոկենտրոնը ընկերությանն է փոխանցել պայմանագիր, որտեղ նշվել է նախագծում կինոկենտրոնի մասնակցության չափը՝ 88մլն դրամ։

Ըստ նրա՝ հետագայում, հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի առանձնահատկությունները, կինոկենտրոնն առաջարկել է մեկ ընդհանուր պայմանագիրը փոխարինել հատվածական պայմանագրերով յուրաքանչյուր տարվա համար։

«2016թ.-ին կինոկենտրոնը կատարել է պարտավորությունը: 2017թ.-ին Մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով պայմանագրով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է»։

Չեմ ընդունելու ստախոսությունը, Հովհաննես Գալստյանը պետք է 2017-ին ավարտած լիներ «Տատիկիս վարսերի» նկարահանումները. մշակույթի փոխնախարար