Կիրկորովը հույս է հայտնել, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում քաղաքականությունը երկրորդ պլան կմղվի

17:10 • 08.02.19

ՌԴ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը РИА Новости-ի հետ զրույցում հույս է հայտնել, այս տարի Թել Ավիվում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ քաղաքականությունը չի ազդի պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևի ելույթի գնահատականի վրա:

«Բոլորս հրաշալի հասկանում ենք, որ մրցույթին մեր երկրի ներկայացուցիչների նկատմամբ քաղաքականացված, ոչ երաժշտական վերաբերմունք կա, և հենց դրա համար էլ մեր երկրի ներկայացուցչի ընտրությունը կարևոր ու պատասխանատու գործ է»,- ասել է Կիրկորովը՝ ընդգծելով, որ հարկավոր է ամենավստահելի մարտիկներին ընտրել և որ Լազարևը տվյալ պարագայում ամենափորձված և պրոֆեսիոնալ արտիստն է:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում Ռուսաստանը երկրորդ անգամ ներկայացնող Սերգեյ Լազարևը կկատարի Կիրկորովի և հույն կոմպոզիտոր Դիմիտրիս Կոնտոպուլոսի համատեղ հեղինակած երգը:

 

Կիրկորովը հույս է հայտնել, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում քաղաքականությունը երկրորդ պլան կմղվի