Ուկրաինան «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթին կարող է ներկայացնել ազգությամբ ռուս երգչուհի

02:51 • 11.02.19

Իսրայելում կայանալիք «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Ուկրաինան կարող է ներկայացնել YUKO խմբի մենակատար, ազգությամբ ռուս Յուլիա Յուրինան: այդ մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ` մրցույթի ազգային ընտրության կայքէջում նշված է, որ առաջին կիսաեզրափակչից հետո ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում YUKO խումբն անցել է եզրափակիչ փուլ:

Ինչպես հայտնում է NewsOne հեռուստաալիքի կայքը, մրցույթի հաղորդավարը հարցրել է Յուրինային, թե ինչու է նա ելույթ ունեցել Ռուսաստանում, ի պատասխան երգչուհին նշել է, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի է:

YUKO-ն ուկրաինական խումբ է, որի մենակատարը Յուլիա Յուրինան է և երաժիշտ Ստաս Կորոլյովը: Խումբը երկու տարվա գործունեության ընթացքում թողարկել է երկու ալբոմ`«DITCH » (2017) և « DURA» (2018) անվամբ:

Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթը տեղի է ունենալու մայիսի 14-ից 18-ը Թել Ավիվում:

Ուկրաինան «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթին կարող է ներկայացնել ազգությամբ ռուս երգչուհի