Համացանցում է հայտնվել Ջորջ Քլունիի նոր մինի-սերիալի թրեյլերը (տեսանյութ)
Hulu ծառայության յութուբյան ալիքում հայտնվել է ամերիկացի հայտնի դերասան և պրոդյուսեր Ջորջ Քլունիի «Ծուղակ-22» վերնագրով նոր մինի-սերիալի թրեյլերը: Մինի-սերիալը նկարահանվել է Ջոզեֆ Հելերի՝ 1961թ.-ին հրատարակված համանուն երգիծական վեպի հիման վրա:
Հոլիվուդյան աստղը ոչ միայն ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերն է, այլև մարմնավորում է հիմնական կերպարներից մեկին:
Սա «Ծուղակ-22» վեպի երկրորդ էկրանավորումն է: Առաջին էկրանավորման պրեմիերան կայացել է 1970թ.-ին:
Ֆիլմի սյուժեով՝ գլխավոր հերոս կապիտան Ջոն Յոսսերիանը Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայում է Իտալիայում՝ ամերիկյան ռազմաօդային ուժերում: Նրա անձնակազմի անդամներից մեկի մահից հետո Ջոնը հնարավորություն է ստանում պատերազմը թողնելու, սակայն միակ միջոցը հոգեկան հիվանդի ախտորոշում ստանալն է:
Դա, սակայն, հնարավոր չէ իրականացնել, քանի որ բանակում գործում է, այսպես կոչված, Ծուղակ-22-ը:
Ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսի 17-ին:










