Վիգեն Ստեփանյանն ընդունեց՝ ավագ սերնդի արվեստագետներին «կոռումպացված» չեմ ասել. Լիլիթ Մակունց
Մշակույթի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վիգեն Ստեփանյանի հայտարարությանն ու նշել, որ իրենք հեռախոսազրույց են ունեցել:
Հիշեցնենք, որ Վիգեն Ստեփանյանն ասել էր, թե Մակունցը ԱՄՆ-ում ավագ սերնդի արվեստագետներին անվանել է «կոռումպացված», իսկ Լիլիթ Մակունցն արձագանքել էր՝ նշելով, որ եթե դերասանը չապացուցի իր խոսքերը, ապա ինքը դատական հայց կներկայացնի:
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վիգեն Ստեփանյանի հետ, որի ընթացքում պարոն Ստեփանյանն ընդունեց, որ չի ճշտել իր կողմից տեղեկատվության իսկությունը, և մենք արձանագրեցինք, որ ես նման բան չեմ ասել և տեղի է ունեցել թյուրիմացություն։
Ես հաղորդել եմ նաև, որ ունեմ մեծագույն հարգանք իր՝ որպես դերասանի, ինչպես նաև Հայաստանում ու Հայաստանից դուրս գործունեություն ծավալող բոլոր արվեստագետների նկատմամբ: Սա ասում եմ ոչ թե ի պաշտոնե, այլ որպես քաղաքացի ու մարդ: Ուրախ եմ, որ ամեն ինչ հարթվեց»,-գրել է Մակունցը:










